ՀՀ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը դեռ ապրիլ ամսին բնապահպանության նախարարությանն առաջարկել էր Սևանում ձկնորսությունն արգելել չորս տարով, քանի որ իշխանի, կողակի, բեղլուի, սիգի պաշարների վերականգնման համար անհրաժեշտ է նվազագույնը չորս տարի: Սակայն, չնայած 2010 թվականին արդյունագործական ձկնորսության մասին բնապահպանության նախարարի հրաման չկար, և թույլատրված էր միայն կարասի սիրողական ձկնորսությունը, շուկաներում ամբողջ 2010 թվականին և այս տարի ևս շարունակում են ազատ ձուկ վաճառել:
Բնապահպանների համոզմամբ` ձկնորսության արգելքը պարզապես անհրաժեշտություն է, քանի որ բազմաթիվ ուսումնասիրություններ փաստել են, որ Սևանա լճում արդյունագործական ձկնապաշար չկա: Միայն կարասը (լճածածանը) որոշակի արդյունագործական պաշարներ ունի, սակայն դրա որսն էլ առաջարկվում է էկոլոգիական նկատառումներով արգելել, քանի որ կարասը միակ ձկնատեսակն է հիմա, որ կարող է օգտագործել լճի օրգանական նյութերը` դրանով իսկ նպաստելով ճահճացման նվազեցմանը: Բացի այդ, կարասի որսի արգելքը կնպաստի նաև մյուս ձկնատեսակների պահպանմանը, քանի որ, եթե ձկնորսական որսագործիքներ ընդհանրապես չօգտագործվեն, ավելի հեշտ կլինի ձկնատեսակների պահպանությունը, և մի ձկնատեսակի որսի թույլտվության պարագայում այդ ձկան անվան տակ ուրիշ ձկնատեսակներ չեն որսա:
Ինչևէ, ներկայումս ձկնորսության արգելքները գրեթե ձևական բնույթ են կրում, իսկ սրան զուգահեռ Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման գծով 2010 թ. «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվում է Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնում: 2007-2010 թթ. ժամանակահատվածում Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 1 մլն հատ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ: Իսկ «Սևանա լճի արդյունագործական ձկնատեսակների և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն, առաջարկվում է 2011 թ. արգելել Սևանա լճում սիգի որսը, խեցգետնի որսը սահմանափակել 210 տոննայով, իսկ կարասի որսն իրականացնել 70-80 տոննայի սահմաններում: Սակայն բնապահպանների համոզմամբ, այս արգելքները արդյունք չեն տա, քանի որ նույն կարասի որսի անվան տակ նաև սիգ են որսում, այնպես որ, իրավիճակից միակ ելքը ձկնորսությունը ընդհանրապես 4 տարով արգելելն է:









































