«Օրանժ Արմենիա» ընկերությունը մինչև տարեվերջ կսկսի մատուցել ֆիքսված կապի ծառայությունները: Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի և համարների զբաղեցման համար թույլտվություն տրամադրելու հարցը:
Կապը լինելու է ոչ լարային, սովորական ֆիքսված հեռախոսի մեջ տեղադրվելու է համապատասխան սարքավորումը, և օգտագործելով CSM տեխնոլոգիաները՝ կապի ծառայություն է մատուցվելու: Նախկինում ՀՀ-ում նման պրակտիկա չի կիրառվել, իսկ Եվրոպայում այն տարածված է:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ կարժենա կապը, արդյոք այն ավելի թանկ կամ էժան կլինի՞ «ԱրմենՏելի» մատուցած ֆիքսված կապի ծառայությունից, «Օրանժ Արմենիա»-ի փոխկապակցման կոորդինատոր Վահե Հովհաննիսյանը պատասխանեց՝ գները նույնը կլինեն, քանի որ փոխկապակցման արժեքն է նույնը: Թե որքան կարժենան սարքերը, դեռ վաղ է ասել, քանի որ այժմ արտադրողի ընտրության գործընթացն է ընթանում: Այս ֆիքսված կապի ծառայությունը մատուցելու համար հարկավոր է, որպեսզի ՀՀ բոլոր բնակավայրերը ծածկվեն CSM ցանցով: ՀԾԿՀ-ն որոշեց բոլոր 3 օպերատորներին պարտավորեցնել մինչև հոկտեմբերի 1-ն ավարտել CSM ծածկույթի ապահովումը:
Հիշեցնենք, որ «Օրանժ Արմենիա»-ն ՀՀ տարածքում զբաղեցնելու է հանրային ամրակցված հեռախոսային ցանցի «6065» ոչ աշխարհագրական կոդը և նրա «xxxx» համարային շարքը:
Ի դեպ, ըստ օրենքի՝ եթե թույլտվություն ստանալուց հետո առաջին տարվա ավարտին օգտագործվում է հատկացված համարային շարքի 60%-ից պակասը, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ, և ՀԾԿՀ-ն կարող է տրամադրված համարային շարքից վերցնել չօգտագործված համարները: Հատկացված համարների ոչ արդյունավետ օգտագործման դեպքում հանձնաժողովը կարող է հեռախոսային ծառայություններ մատուցող անձին տրամադրված շարքից վերցնել չօգտագործված համարները:






































