Ռուսական Новые Известия թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմական դաշինք, գոյություն չունի.
«ՀԱՊԿ-ի կազմում ներառված երկրները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) չունեն ընդհանուր թշնամիներ: Նրանք պատրաստ չեն համատեղ գործողություններ վարելուն և փոխարենը միայն ցանկանում են Ռուսաստանից ստանալ ռազմական օգնություն:
Ինչ վերաբերում է Ղարաբաղում պատերազմի հնարավոր վերսկսմանը, ապա ՀԱՊԿ-ը, իհարկե, չի գա Հայաստանին օգնության: Սակայն Ռուսաստանը չի կարող Հայաստանին չգալ օգնության: Ռուսաստանը պարտավորություն է ստանձնել Հայաստանի անվտանգության պաշտպանության մասին:
Ռուսաստանն անմիջականորեն չի ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության մեջ, սակայն եթե դրա հետևանքով հարված հասցվի Հայաստանի տարածքին, ապա Ռուսաստանը, բնականաբար, կներգրավվի դրանում: Այլապես նա ի ցույց կդնի, որ անվտանգության իր երաշխիքները ոչինչ չարժեն, և դրանով իսկ ՀԱՊԿ-ը կավարտվի:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի մյուս անդամներին, ապա նրանք կլռեն, ինչին որ ականատես եղանք 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության ժամանակ: Որովհետև ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղրղզստանը և ո՛չ էլ, առավել ևս, Թուրքմենստանը Հայաստանի պատճառով չեն վատացնի Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, որի ճակատագրի հանդեպ նրանք անտարբեր են:
Ադրբեջանում առկա է բավականաչափ առողջ մտածելակերպ՝ հասկանալու համար, որ Հայաստանին հարվածել չի կարելի, քանի որ դա ավտոմատ կերպ կներգրավվի Ռուսաստանին, որը կկործանի Հայաստանի սահմանը խախտած ինքնաթիռներին և ռազմական գործողություններ կվարի յուրաքանչյուր ցամաքային զորատեսակի դեմ:
Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, ապա դրանք կսահամանափակվեն Ղարաբաղի ու նրան հարակից տարածքների մասշտաբով: Հազիվ թե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ մղել բուն Հայաստանի դեմ»:








































