Ամենամեծ կապիտալը, որ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ժողովրդի վստահությունն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի այն միտքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ անդամների ձեռքում կուտակված կապիտալը երբեք թույլ չի տա, որ ԲՀԿ-ն դեմ դուրս գա իշխանություններին:
«Բազմիցս ասել եմ և պատրաստ եմ կրկնել, որ բոլոր նախձեռնությունները, անկախ նրանից՝ ընդդիմության, թե իշխանության կողմից են ներկայացված, ԲՀԿ-ն կընդունի կամ կմերժի՝ ելնելով նրանից, թե որքանով են համապատասխանում իր նպատակներին ու ծրագրերին: Միաժամանակ, եթե քաղաքական այս կամ այն ուժի կողմից արված առաջարկները չհամապատասխանեն մեր ծրագրերին և համահունչ չլինեն ժողովրդի շահերին, դրանց դեմ խոսելու ենք, ընդդիմանալու ենք: Այս մասին երկու կարծիք լինել չի կարող»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք՝ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես հայտարարել էր. «ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր կուտակել են որոշակի կարողություններ, և այս երևույթը, բնականաբար, թույլ չի տալու, որպեսզի նրանք գնան առճակատումների իշխանության դեմ»:








































