Աշխարհի նախկին չեմպիոն, 32-ամյա մարզիկ Արթուր Աբրահամը շատ է սիրում սպորտային ավտոմեքենաներ վարել: Սակայն Արթուրը երբեմն խախտում է երթևեկության կանոնները, ինչի համար պատժվում է:
2011 թվականին Աբրահամն իր Ferrari-ի ղեկին զարգացրեց 230 կմ/ժ արագություն այն դեպքում, երբ ճանապարհի տվյալ հատվածում թույլատրվում էր առավելագույնը 80 կմ/ժ արագություն զարգացնել: Գերմանական դատարանը վերջերս որոշեց նրան 3 ամսով զրկել վարորդական իրավունքից:
«Ինձ զրկել են վարորդական իրավունքից, բայց ես չեմ անհանգստանում»,- հայտարարեց բռնցքամարտիկը:
Այժմ Աբրահամը պատրաստվում է WBO վարկածով աշխարհի չեմպիոնական մենամարտին` Ռոբերտ Շտիգլիցի (42-2) հետ: Մենամարտը կկայանա օգոստոսի 25-ին: Աբրահամի մարզաբազան գտնվում է Բալթիկ ծովի ափին, և հյուրանոցից մինչև մարզաբազա 1 կմ տարածություն կա: Արթուրն այն հաղթահարում է կա´մ ոտքով, կա´մ հեծանիվով:
«Դա շատ է օգնում ինձ, սակայն ավելի մեծ տարածությունները հաղթահարում եմ ավտոմեքենայով` վարորդիս օգնությամբ»,- հավելել է Աբրահամը: