Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր քվեաթերթիկների մշակումից հետո ստացել է կեսից պակաս ձայներ՝ հղելով Հայաստանի ԿԸՀ տարածած տեղեկատվությանը, հայտնել է ՌԻԱ Նովոստին, որի կարծիքով քվեների այդ քանակը «բավարար չէ, որպեսզի միանձնյա կառավարություն ձևավորվի»։ Լրատվամիջոցն, ընդսմին, հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «իր կուսակցությունը հաղթել է և կարող է նախարարներ նշանակել»։
Մոսկվայի բացահայտ չկամության ֆոնին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ akkorda.kz պաշտոնական կայքի, Տոկաևը ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները «միջազգային դիտորդների մեծ մասի նախնական տեղեկություններով անցել են երկրի գործող օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների կամարտահայտության համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ»։
Կասիմ Ժոմարթ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին հետագա արդյունավետ աշխատանք է մաղթել՝ «հանուն Հայաստանի ազգային երկարաժամկետ շահերի»։ Ղազախստանի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ Ղազախստանը «պատրաստ է բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում շարունակել համագործակցությունը»։ Ամփոփելով՝ Տոկաևը Հայաստանի ժողովրդին իր «պետության կայունության և բարեկեցության զարգացման հաջողություններ» է ցանկացել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին Ղազախստանի նախագահ Տոկաևի ուղերձը, անկասկած, ավելին է, քան նման դեպքերում ընդունված է։ Աստանայում մայիսի 29-ին կայացել է ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների փակ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է կառույցին Հայաստանի անդամակցության հարցը։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության հեռանկարը կախված կլինի խորհրդարանական ընտրություններից։
Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձը ազդակ է, որ Աստանան Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը լիովին լեգիտիմ է ճանաչում։ Ղազախստանը ԵԱՏՄ «երկրորդ հենասյունն» է։ Ռուսաստանի «երկրորդ էշելոնի» քաղաքական դեմքերը Հայաստանի ընտրությունների առթիվ կարող են «էպատաժային» հայտարարություններ անել, բայց Կրեմլը հազիվ թե թույլ տա հունիսի 7-ի քվեարկության արդյունքներին կասկածել։ Ըստ երևույթին, Տոկաևը Փաշինյանին շնորհավորել է «ԵԱՏՄ անունից»։







































