Ադրբեջանական Haqqin.az կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում է ատոմային էներգետիկայի ոլորտի համար կադրերի նախապատրաստման գործընթացը: Թուրքական առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում:
2010 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունները կնքեցին համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում էր Աքքույու վայրում կառուցել 4 էներգաբլոկով ատոմակայան, որի ընդհանուր հզորությունը կազմելու է 4800 մեգավատտ:
Այդ համաձայնագրի հիման վրա Ռուսաստանը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին Թուրքիայի տարածքում հիմնել է Akkuyu NGS Eelectric Üretim Anonim ընկերությունը: Աքքույուի ատոմակայանը հանդիսանալու է աշխարհի առաջին ատոմակայանի նախագիծը, որն իրագործվում է BOO (build-own-operate, կառուցիր-տիրիր-շահագործիր) մոդելով:
Ներկայումս Akkuyu NGS Eelectric Üretim Anonim ընկերությունը թեստավորում է անցկացնում Գազիի համալսարանի ինժեներային ֆակուլտետի 600 ուսանողների շրջանում: Նրանք հետագայում իրենց կրթությունը շարունակելու են Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում:
Կրթության ավարտից հետո թուրք ուսանողները կարող են աշխատանքի տեղավորվել Թուրքիայում ստեղծվող ատոմային ոլորտի ձեռնարկություններում:









































