Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը հետաքննություն է ձեռնարկել՝ կապած LIBOR-ի գործակիցների հարցում հնարավոր խարդախությունների հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատախազության ներկայացուցչին: Նրա խոսքերով՝ հետաքննությունը սկսվել է դեռ կես տարի առաջ՝ Կոննեկտիկուտ նահանգին զուգհեռ, որտեղ հաճախ ապրում են Ուոլ Սթրիթի առաջատար բանկիրները:
Դատախազության հիմնական հաղթաթուղթն օրենսդրության այն կետն է, որը թույլ է տալիս մեղադրել կասկածյալին կասկածելի գործարքների համար, եթե անգամ նրա խարդախությունների փաստը դեռ հաստատված չէ: Այդ գործիքը կարող է կիրառվել ինչպես վարչական , այնպես էլ քրեական դատավարություններում:
Թե կոնկրետ ինչ բանկեր և շուկայի մասնակիցներ են կասկածի տակ հայտնվել, առայժմ չի հաղորդվում: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ-ում հետաքննում են այնպիսի կազմակերպություննրերի գործունեությունը, ինչպիսի են Citigroup-ը, HSBC-ն, Deutsche Bank-ը և JP Morgan-ը:
Հունիսի կեսին հայտնի էր դարձել, որ LIBOR-ի և EURIBOR-ի հետ կապված մեքենայությունների մեջ կասկածվում է բրիտանական Barclays բանկը: Բռնկված սկանդալի պատճառով վարկային կազմակերպությունը տուգանվեց 400 մլն եվրոյով, իսկ նրա ղեկավար Բոբ Դայմոնդը հրաժարական տվեց:











































