Սուդանի և Հարավային Սուդանի առաջնորդները խոստացել են խաղաղ ճանապարհով լուծել նավթի արդյունահանումից ստացված եկամուտների բաշխման հարցը: Այս մասին նախագահներ Օմար Հասան Ահմեդ Ալ-Բաշիրն ու Սալվա Կիիրը հայտարարել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում կայացած Աֆրիկյան միության անվտանգության և խաղաղության խորհրդի նիստի ժամանակ:
Խորհրդի հանձնակատար Ռատման Լամամրայի խոսքով` չնայած այն բանին, որ երկրների առաջնորդները միմյանց ձեռք չեն սեղմել, նրանք պատրաստակամություն են հայտնել գործել «ռազմավարական գործընկերության ոգով» և «այլևս երբեք բռնության չդիմել վիճելի հարցերը կարգավորելիս»:
Աֆրիկյան երկու երկրների նախագահները այս տարվա մարտից մինչ օրս հանդիպել են առաջին անգամ: Մարտին նավթով հարուստ Հեգլիգ շրջանի պատկանելության վերաբերյալ վեճը մի կերպ խուսափել է լայնածավալ պատերազմի վերածվելուց: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Խարտումի և Ջուբայի դեմ, եթե նրանք մինչև օգոստոսի 2-ը խաղաղ ճանապարհով չլուծեն այդ խնդիրը:
Հարավային Սուդանն անկախություն է ձեռք բերել մեկ տարի առաջ և մինչ օրս Խարտումի հետ վիճում է նավթահանքերի տարածքային պատկանելության և Սուդանի միջոցով նավթի տարանցիկ արտահանման հարցի շուրջ:









































