Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան կազմակերպությունը Եվրոպական կրթական հիմնադրամի պատվերով իրականացրել է «Միգրացիա և հմտություններ» հետազոտությունը, որի արդյունքներն ամփոփելուց հետո կհրապարակվեն այս ամսվա վերջին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՌԿԿ-Հայաստանի ղեկավար Հեղինե Մանասյանը, վերլուծության նպատակն այն է, որ տեսնեն արտասահման մեկնող քաղաքացիները այստեղ ստացած կրթությունն ու հմտությունները կիրառո՞ւմ են, թե՞ ոչ, կարողանո՞ւմ են աշխատանք գտնել կամ այնտեղ ձեռք բերած աշխատանքային հմտությունները, թրեյնինգների գիտելիքները այստեղ գալուց հետո առաջընթաց ունենո՞ւմ են, թե՞ ոչ: «Այսինքն՝ եթե ուզում ենք կրթական համակարգը միասնականացնել, կարո՞ղ ենք մեր և իրենց տված սերտիֆիկատները ճանաչել և ընդհանուր հայտարարի բերել»,- ասաց Հ. Մանասյանը:
Նրա խոսքով՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիների 35%-ը պոտենցիալ արտագաղթողներ են, այսինքն՝ նման մտադրություն ունեն: Այլ մանրամասները կհրապարակվեն արդյունքների վերջնական ամփոփումից հետո: Նշենք, որ հարցվել են ՀՀ 4 հազար քաղաքացիներ`18-50 տարեկան, Երևանում և մարզերում, որոնցից 2600-ը՝ պոտենցիալ, 1400-ը՝ վերադարձած միգրանտներ են:









































