Այս տարի խաղողի վիճակը շատ լավ է, բերքը շատ առողջ է և մոտ անցած տարվա չափ, կամ գուցե 10%-ով քիչ բերք կլինի: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ անցած տարի կարկուտը տեղ-տեղ վնասել էր այգիները, իսկ նման պարագայում հաջորդ տարի բերքը մի քիչ պակաս է լինում: Բերքի որոշ չափով պակաս լինելը, ըստ Ա. Հարությունյանի, գինեգործության և կոնյակագործության առումով խնդիր չի առաջացնի, սակայն ոլորտում այլ խնդիրներ կան:
Նրա խոսքով` շուկան զարգանում է, խաղողի պահանջարկը մեծանում է, մեծանում է նաև որակյալ գինու և կոնյակի պահանջարկը, որոշ կեղծիքներ այս տարի արդեն անհնար է անել, և դա կբերի խաղողի պահանջարկի բարձրացմանը, ռուսական շուկան նույնպես պահանջել է որակի բարձրացում, և այս ամենը կբերի նրան, որ առաջարկն ավելի պակաս կլինի, քան պահանջարկը: Միաժամանակ, Ա. Հարությունյանի կարծիքով, խաղողի պահանջարկի ավելացումը կնպաստի գյուղացիների կենսամակարդակի բարձրացմանը, խաղողի այգիների տարածքների ավելացմանը: Մասնավորապես, գինու խաղողի մասով թանկացում է սպասվում, կոնյակի խաղողի մասով, եթե գինը բարձրանա, ապա՝ 5-7 դրամով: Անցած տարի խաղողը մթերվում էր մոտ 130 դրամով, այս տարի 140 դրամից չի անցնի:
Նշենք, որ կոնյակի համար որպես հումք լայնորեն օգտագործվում է արտասահմանյան անորակ սպիրտ, ինչը, բնականաբար, գցում է կոնյակի որակը: Սա արգելող օրենք ՀՀ-ում ընդունվել է, բայց այն համատարած խախտվում է: Նույնիսկ մաքսային վիճակագրության մեջ ներկրվող ապրանքների շարքում չեք գտնի կոնյակագործության համար նախատեսված սպիրտի ներմուծման վերաբերյալ որևէ տվյալ: Ըստ ամենայնի, այդ սպիրտը ներմուծվում է ժամանակավոր ներմուծման ռեժիմով: Մեր տեղեկություններով, կոնյակի մոտ 40%-ը արտադրվում էր հենց այդ ներկրվող սպիրտից: Ռուսաստանում չափանիշների փոփոխությունը և որակի հանդեպ պահանջների խստացումը կբերի հայկական կոնյակագործությունում կեղծարարությունների նվազման:










































