2013-ի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կպաշտպանի մեկ միասնական թեկնածուին, եթե պահպանվեն երկու հիմնական սկզբունքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ներկայացնելով այդ սկզբունքները:
«Մեզ համար կարևորը առաջնային սկզբունքներն են, որոնց հիմա վրա կձևավորվի թեկնածուն: Միանշանակ է, որ մեկ քաղաքական ուժը չի կարող փոփոխություններ իրականացնել երկրում, և պետք է համախմբվեն»,- ասաց Ա. Մինասյանը:
Նրա բնորոշմամբ` այն թեկնածուն, ով առաջիկա հինգ տարիների համար հավակնում է դառնալ ՀՀ նախագահ, պետք է պարտավորվի անցում կատարելու խորհրդարանական կառավարման: Դրա համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ:
Երկրորդ սկզբունքը, պատգամավորի կարծիքով, այն է, որ դրսևորվի այնպիսի քաղաքական կամք, որ ընդդիմությանը վերապահվի հակակշռելու իշխանական կողմին, մասնավորապես` Վերահսկիչ պալատի, ՏՄՊՊՀ-ի, Էթիկայի հանձնաժողովի, ՀԾԿՀ-ի և այլ կառույցների ղեկավարների պաշտոնում:
«Պետք է այդ հանձնաժողովների ղեկավարները վստահություն վայելեն ընդդիմադիր ուժերի կողմից, որպեսզի վստահ լինենք, որ կա անաչառություն: Եթե այս երկու սկզբունքների հիման վրա կլինի միասնական թեկնածու, ՀՅԴ-ն հանդես կգա հայտարարությամբ և կպաշտպանի նրան: Մենք ամենևին կաշկանդված չենք մեր թեկնածուն ունենալու հարցով»,- ասաց Ա. Մինասյանը:






































