«Անսար Ալ-Դին» սալաֆիական խմբավորման զինյալները, որոնք տուարեգների հետ համատեղ գրավել էին Մալիի հյուսիսը, պղծել են Տիմբուկտու քաղաքում Ջինգուերբերի մայր մզկիթը,- գրում է The Daily Telegraph-ը:
Տեղի բնակիչների խոսքերով՝ իսլամիստները զրահամեքենաներով մոտեցել են մզկիթին և մուրճերով սկսել են ավերել հին սուֆի կրոնական առաջնորդների գերեզմանները, որոնք պաշտամունքի առակա են տեղի բնակիչների շրջանում: Բարբարոսությանը խանգարել փորձող մարդկանց զինյալները քշել են՝ օդ կրակելով:
Այսպիսով Տիմբուկտուի միջնադարյան ճարտարապետության երեք հայտնի հուշարձաններից մեկը՝ Ջինգուերբերի մզկիթը, կորցրել է իր պատմական տեսքը: Մինչ այդ սալաֆիներն ավերել էին ևս 8 դամբարանների համալիրներ, ինչպես նաև հանել էին Սիդի Յահիա մզկիթի դուռը: Նման ձևով նրանք փորձել են ցույց տալ «հեթանոսական հավատալիքների» սխալ լինելը. տեղի բնակիչները դարերով բաց չէին անում այդ դարպասները՝ ենթադրելով, թե դա նշանակում է, որ աշխարհի վերջը մոտենում է:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ Ջինգուերբերի մզկիթը կառուցվել է 1325 թ. սուլթան Կանկան Մուսայի կողմից Մեքքա հաջ կատարելուց հետո:
Սալաֆիների կարծիքով՝ մզկիթները պետք է լինեն միայն աղոթքի վայր, իսկ դրանցում սուֆի քարոզիչների գերեզմանները «հեթանոսություն» և «հերետիկոսություն» են:









































