Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը ԱՄՆ վարկային վարկանիշը հաստատել է ամենաբարձր մակարդակի`ААА-ի վրա:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը` նշելով, որ վարկանիշի կանխատեսումը շարունակում է բացասական մնալ:
Որպես բացասական կանխատեսման պատճառ նշվում է Կոնգրեսի և նախագահի վարչակազմի կողմից բյուջետային դեֆիցիտի կրճատման հարցի շուրջ համաձայնության գալու անկարողությունը:
Fitch գործակալության փորձագետները ենթադրում են, որ պետպարտքի բեռը կարող է խանգարել ամերիկյան տնտեսության աճին:
ԱՄՆ վարկային վարկանիշի վերաբերյալ Fitch-ի կանխատեսումը 2011-ի նոյեմբերին կայունից փոխվեց բացասականի: Դա նշանակում է, որ վարկանիշը կարող է իջեցվել առաջիկա երկու տարում` 50 տոկոս հավանականությամբ:
2011-ի օգոստոսին Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը առաջին անգամ ԱՄՆ-ին զրկեց բարձրագույն վարկային վարկանիշից` իջեցնելով ААА-ից АА+, ընդ որում` բացասական կանխատեսմամբ: Նման որոշում էր ընդունվել բյուջետային դեֆիցիտի աճի նկատմամբ ունեցած մտավախությունների ֆոնին:











































