«Ուրբաթ օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընթացք էր տվել իրեն դիմած ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «ժառանգություն» խմբակցությունների նամակին, որով պահանջվում էր հանդիպում կազմակերպել «Հարսնաքարի» գործը վարող իրավապահների հետ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Աժ նախագահը, ըստ մեր տեղեկությունների, նամակով տեղյակ էր պահել գլխավոր դատախազին՝ ընդդիմադիրների պահանջի մասին, փորձելով կազմակերպել այդ հանդիպումը, որտեղ գլխավոր դատախազը հանդես կգար հաղորդմամբ: Սակայն նախագահականից ասել էին՝ ստոպ, «նման հանդիպում կազմակերպելու իրավական հիմք չկա»: Բանն այն է, որ 2000թ. ապրիլի 25-ին Ռոբերտ Քոչարյանը հրաման է ստորագրել, որով արգելվում է, որ նախաքննական փուլում գտնվող որևէ գործի առնչությամբ գլխավոր դատախազը, նրա տեղակալները հանդես գան հաղորդմամբ: Այդ որոշումը բխում էր Հոկտեմբերի 27-ից, մասնավորապես Գագիկ Ջհանգիրյանի՝ Աժ-ում սպասվող հաղորդման փաստից:
Այդ իսկ պատճառով շատերի մոտ տարակուսանք է առաջացրել այն, որ եթե Հովիկ Աբրահամյանը կարող էր դա մոռացած լինել, ապա ընդդիմադիր, ժամանակին 27-ի գործը վարած Ջհանգիրյանը, ինչպես նաև Վարդան Օսկանյանն ինչպե՞ս կարող էին չհիշել այդ հրամանը»:









































