ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
Թե ինչ հարցեր են ներառված այցի օրակարգում, «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Ռուդիկ Յարալյանից․ «Առայժմ որևէ բան այցի օրակարգից հայտնի չէ, ինչ վերաբերում է վիզային ռեժիմի վերացմանը, խոսակցությունների մակարդակով լսել եմ, բայց որքանով են հավաստի, և որ նման հարց կքննարկվի, հաստատ չեմ կարող ասել»։
Մեր դիտարկմանը, թե Իրանի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացումը, մեծ հաշվով, միայն Հայաստանի՞ որոշելիքն է, թե՞ այստեղ նաև դեր ունի Ռուսաստանը, և գլխավոր որոշողը հենց Ռուսաստանն է, իրանագետը նկատեց. «Կարծում եմ, որ Ռուսաստանից շատ մեծ բան կախված կլինի, և մենք որոշակի բանակցություններ, այնուամենայնիվ, վարել ենք ռուսական կողմի հետ, և ըստ դրա էլ շրջանառվում են այդ խոսակցությունները։ Կարծում եմ, որ ռուսական կողմից «դաբրո» կոչվածը, այնուամենայնիվ, մերոնք ստացել են»։
Ինչ վերաբերում է Իրանի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացումից հետո իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրմանը, լարվածության մեծացմանը, ապա Ռ․ Յարալյանը նշեց, որ վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերությունները արդեն իսկ բավական սրված են։
«Կարծում եմ, որ այս հարցը որևէ էլ ավելի բացասական ազդեցություն այս հարաբերությունների վրա չի կարող ունենալ։ Այդ երկու երկրների միջև շատ ավելի խորքային խնդիրներ գոյություն ունեն, և հարաբերությունները արդեն իսկ բավական սրված են։ Վիզային ռեժիմի հարցը, որ իրանական իշխանությունները փորձում են վերացնել հայկական կողմի հետ, չեմ կարծում, որ որևէ բացասական ազդեցություն թողնի իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա։
Եթե ավելի կոնկրետ խոսենք, Իրանի միջուկային զենքի խնդիրը, որը այսօր շատ սուր է դրված համաշխարհային օրակարգում, շատ ավելի է սրել իրանա-ադրբեջանական հարաբերությունները, իրանական կողմը մեծ անվստահություն է տածում ադրբեջանական իշխանությունների նկատմամբ առ այն, որ վերջիններս շատ լրջորեն քաղաքականությունը տանում են այն ուղղությամբ, որ հնարավորինս խորացնեն հարաբերությունները Իսրայելի հետ, ԱՄՆ հետ, ռազմաբազաները ավելի ընդարձակում են, նոր տեխնիկայով են համալրում և այլն։ Կարծում եմ, որ արդեն իսկ ադրբեջանական իշխանությունների բռնած քաղաքական գիծը հայտնի է բոլորին, առավել ևս իրանական իշխանություններին։ Եվ ինչ-որ աումով, այո, գուցե դա ավելի սրի հարաբերությունները, բայց գլոբալ առումով այդ հարաբերություններն արդեն իսկ ճգնաժամի մեջ են»։










































