«Տիեզերագնաց-որդերի» մոտ ծերացումը զգալիորեն դանդաղ է ընթանում՝ համեմատած երկրում բնակվող որդերի հետ: Ինչպես տեղեկացնում է ՌԴ տիեզերական դաշնային գործակալությունը՝ «Ռոսկոսմոս»-ը, Միջազգային տիեզերակայանում իրականացրած հետազոտությունների արդյունքում նման եզրակացության են հանգել գիտնականները:
Նեմատոդների խմբի որդերը ուսումնասիրության են ենթարկվել 11 օրերի ընթացքում, ինչը նրանց համար համարժեք է մարդու կյանքի 16 տարվան: Ակնհայտ է դարձել, որ նրանք երկրային եղբայրների հետ համեմատած ավելի ուշ են ծերանում: Սա զարմանալի արդյունք է, եթե ուշադրություն դարձնենք այն փաստին, որ մարդը ընդհակառակը` տիեզերքում ավելի շուտ է ծերանում:
Պարզվել է նաև, որ «տիեզերագնաց-որդերի» մոտ իջեցված է 199 գեների ակտիվությունը, այդ թվում` այն 11 գեներինը, որոնք պատասխանատու են նյարդային և էնդոկրին համակարգերով ինֆորմացիայի փոխանցման համար: gar-3, cha-1 և shk-1 գեների պասիվությունը նվազեցրել է որդի մարմնում սպիտակուցային ագրեգատների կուտակումը ու հանգեցրել է երկարակեցության:
Նման հետազոտությունները բժշկության մեջ նոր տեխնոլոգիաների զարգացման հիմք կդառնան, քանի որ հնարավորություն կտան կենդանի օրգանիզմներում կենսաբանական գործընթացները ուսումնասիրել նոր դիտանկյունից:











































