Կոտ դ’Իվուարի, Տոգոյի, Բենինի, Նիգերի, Նիգերիայի առաջնորդները և Բուրկինա-Ֆասոյի նախագահ Բլեզ Կոմպաորեն, որ ներկայացնում է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության կոմիտեն, պահանջել են, որ մինչև հուլիսի վերջ Մալիում ձևավորվի ազգային միասնության կառավարություն, որը կկարողանա մշակել երկիրը ճգնաժամից դուրս բերելու «ճանապարհային քարտեզ»: Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած գագաթաժողովում ձևավորված փաստաթղթում:
Աֆրիկացի առաջնորդները դիմել են նաև ՄՔԴ-ին` կոչ անելով հետաքննություն անցկացնել` պարզելու համար Մալիում ռազմական հանցագործություններ իրականացրած անձանց ինքնությունը: Գագաթաժողովի մասնակիցները նշել են, որ Մալիի հակամարտության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն թշնամական գործունեությունը մինչ Ռամադանի սկիզբը:
Մալիում իրավիճակը օրեցօր վատթարանում է, քանի որ իսլամիստների ձեռքն է անցնում երկրի հյուսիսային շրջանների մեծ մասը:
Մալիում տարեսկզբին տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրի հյուսիսային հատվածն անցավ իսլամիստների ձեռքը: Նրանց և անկախ պետականություն հիմնել ցանկացող տուարեգների միջև ռազմական գործողություններ են ընթանում:









































