Աբովյան փողոցում նախկինում գործող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանն այլևս հույս չունի արդարություն գտնել Հայաստանի դատական ատյաններում և վերջերս դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա վիճարկում է «հանրային գերակա շահի» անվան տակ իր սեփականությունը օտարելու Կառավարության որոշումը։
Հիշեցնենք, որ խանութի տարածքը նրա ձեռքից վերցվեց 2009-ին, սակայն այս տարիներին պետությունն այդտեղ ոչ մի հանրօգուտ ծրագիր չի իրականացրել: «Միլանո» խանութի տարածքն արդեն 4 տարի է՝ ոչ մի կերպ չի օգտագործվում, ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում: Ընդամենը քանդվել է շենքը, և ո՞րն էր այս դեպքում պետական շահը՝ հայտնի չէ։
Մինչդեռ պետական և հասարակական կարիքների համար տարածքի օտարման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ եթե օտարված տարածքում նոր սեփականատերը երկու տարվա ընթացքում չի սկսում այն ծրագրի իրականացումը, որի համար օտարվել է տարածքը, ապա նա կորցնում է իր իրավունքը, և հողը վերադարձվում է նախկին տիրոջը։ Հենց այս օրենքի համապատասխան հոդվածով էլ հիմնավորվում է միջազգային դատական ատյանին ուղղված հայցը:
Ձեռնարկատեր Հովհաննես Ղուկասյանի մամուլի կենտրոն











































