Այսօր Նանսենի պուրակի պաշտպանները իրենց բողոքը փոխադրեցին Երևանի քաղաքապետարան: Նոր Նորքի բնակիչները պահանջում են դադարեցնել արդեն իսկ տասը օր Նանսենի պուրակում մեկնարկած Նանսենի թանգարանի շինարարության աշխատանքները` դրանք որակելով անօրինական:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նոր Նորքի բնակչուհի, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը ներկայացրեց բնակիչների բողոքը: Նա նշեց, որ 10 օր է, ինչ Նանսենի պուրակում կառուցապատումը մեկնարկել է, և բնակիչներն ահազանգեցին առաջին հերթին Facebook սոցիալական ցանցով:
Ըստ նրա` այգում կա վահանակ շատ քիչ ինֆորմացիայով, որ շինարարական թույլտվություն է ստացել ինչ-որ մասնավոր կազմակերպություն, և այդ շինարարությունն իրականացնվում է հովանավորների միջոցներով: «Հարցում ուղարկեցինք քաղաքապետարանին, որը հարցմանը պատասխանեց բավական քիչ տեղեկատվությամբ և ոչ բավարար: Հարցրել էինք` ինչպե՞ս է փոխվել այդ տարածքի նպատակային նշանակությունը, քանի որ այն իր նպատակային նշանակությամբ զբոսայգի է եղել և չի ենթադրում կապիտալ շինարարական որևէ աշխատանք այդ տարածքում: Այդ հարցին չեն պատասխանել և ասել են, որ զբոսայգու սահմանները որոշվել են, ու այդ սահմանների մեջ քաղաքապետարանը, համաձայնության գալով, որոշում է ընդունել հաստատել էսքիզային նախագիծը և տալ շինարարության թույլտվություն: Շատ լուրջ հարցեր են առաջանում. ինչո՞ւ հենց այդ տարածքում, և ինչպե՞ս է կարողացել քաղաքապետարանը շրջանցել այգու նպատակային նշանակությունը փոփոխելու գործընթացը, որի ընթացքում նա պարտավոր էր նաև բնակիչների կարծիքը հաշվի առնել»,- մեկնաբանեց նախաձեռնության անդամը:
Ակցիայի ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի քարտուղար Արթուր Կարապետյանը շուրջ 600 բնակչի ստորագրությամբ դիմումը վերցրեց՝ հանձնելու քաղաքապետարանին: Նա նշեց, որ քաղքապետարանը մեկամսյա ժամկետում կպատասխանի բնակիչների դիմումին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































