Բանջարային մշակաբույսերի ոչ մի տեղական սորտ չի կորել, ամբողջը պահպանված է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, կենտրոնն ունի 3,670 նմուշ բանջարային մշակաբույսեր, որոնցից 103-ը շրջանացված սորտեր են:
«Դրանք ավելի բարձր ցուցանիշներ ունեն և մրցունակ են այսօր շուկայում ներմուծված սորտերի հանդեպ: Պահանջարկը տեղական սորտերի հանդեպ ավելացել է, սերմարտադրությունն անցած տարի ավելացել է 60%-ով և այս տարի ևս կավելացվի: Ամեն ինչ արվում է, որպեսզի մեր տեղական բանջարեղենը սպառողներին հասնի մեծ քանակությամբ»,- ասաց Գ. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ներմուծված սորտերը տեխնիկական են, հեշտ են նույնիսկ պարկերով տեղափոխման համար, սակայն որակական առումով շատ են զիջում հայկական, օրինակ՝ լոլիկի «Անահիտ» սորտին, որն ավելի շատ խնամք է պահանջում՝ պետք է հատիկ-հատիկ դասավորել արկղերում և հետո տեղափոխել:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` շուկայում տեղական և ներմուծված բանջարեղենի հարաբերակցությունը որքա՞ն է կազմում, Գ. Սարգսյանը պատասխանեց՝ տեղականն ընդամենը 20-25% է, իսկ մնացածը ներմուծվում է եվրոպական երկրներից, նաև՝ Չինաստանից:









































