Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել երեկ Ստամբուլում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-րդ գագաթնաժողովում, որում անդրադարձել է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Ես վստահ եմ, որ շուտով կկարգավորվեն ռուս-վրացական հարաբերությունները: Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա շատ ավելի արագ, քան մենք կարծում ու պատկերացնում ենք: Վրաստանը Ռուսաստանը չի դիտարկում որպես թշնամի՝ չնայած նրա կողմից Վրաստանի տարածքների օկուպացմանը:
Մենք Ռուսաստանին աջակցել ենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը նրա անդամակցելու հարցում և սկսել ենք խոչընդոտներ չհարուցել այդ հարցում: Մենք վերացրել ենք Ռուսաստանի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը, ինչը նույնպես լուրջ ուղերձ էր՝ հասցեագրված ռուս քաղաքացիներին:
Վրաստանն էլեկտրաէներգիա է մատակարարում Ռուսաստանին, և երբ Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Վրաստանից,- իսկ դա անպայմանորեն շուտով տեղի կունենա,- ապա ռուս-վրացական հարաբերություններն անմիջապես կկարգավորվեն»:
Հիշեցնենք, որ մայիսի կեսերին Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, անդրադառնալով Ռուսաստանի ու նրա ղեկավարության նկատմամբ Սաակաշվիլիի շարունակական ռազմաշունչ հայտարարությունները, հայտարարել էր, որ Վրաստանը Ռուսաստանի հետ այնպես է խոսում, ինչպես իրեն թույլ չի տալիս անել անգամ ԱՄՆ-ը:











































