Ամերիկյան երկրների կազմակերպության (ԱԵԿ) Մշտական խորհուրդը որոշում է ընդունել Պարագվայ ուղարկել հատուկ հանձնաժողով՝ նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմփիչմենթ հայտարարելուց հետո երկրում առաջացած իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Պարագվայի Ultimahora պարբերականին:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Հոնդուրասի ներկայացուցիչը: Նրան աջակցել են կազմակերպության մեջ մտնող 34 երկրներից 25-ը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չիլին, Պերուն, Մեքսիկան, Կոլումբիան և Կոստա Ռիկան:
Ամերիկայի ժողովուրդների բոլիվարիական դաշինքի (ALBA) երկրները՝ Վենեսուելան, Էկվադորը, Բոլիվիան, Նիկարագուան և նրան հարող Սալվադորը, նույնպես պահանջել են Պարագվայում տեղի ունեցածը որակել որպես պետական հեղաշրջում:
ԱԵԿ երկու երկրներ՝ Կանադան և Գվատեմալան, պատրաստակամություն են հայտնել ճանաչել Պարագվայի նոր կառավարության և 49-ամյա Ֆեդերիկո Ֆրանկոյի լեգիտիմությունը, որը ժամանակավորապես զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը:
Արգենտինայի ԱԳՆ տվյալներով՝ ուրբաթ օրը Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրների գագաթնաժողովում այդ կազմակերպության անդամները կմշակեն Պարագվայի դեմ հետագա քայլերը: Ընդ որում, Պարագվայի ներկայացուցիչներին գագաթնաժողովին չեն թողնի, չնայած այն բանին, որ նա կազմակերպության անդամ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբան, լատինամերիկյան մի շարք պետությունների պես, ետ էր կանչել իր դեսպանին Պարագվայից:
Հիշեցնենք. Պարագվայի խորհրդարանը հունիսի 22-ին իմփիչմենթ հայտարարեց երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին: Նա մեղադրվում է իր պարտականությունների կատարման ժամանակ ցուցաբերած անփութության մեջ, ինչի հետևանքով ոստիկանության և գյուղացիների միջև բախումներում զոհվել է 17 մարդ:











































