Քյոլնի դատարանը կրոնական ծիսակարգով տղաների թլպատումը հավասարեցրել է հանցագործության,- հաղորդում է The Financial Times Deutschland-ը: Դատավորների կարծիքով՝ ո՛չ սահմանադրությամբ արձանագրված ծնողական իրավունքը, ո՛չ էլ դավանանքի ազատությունը բավարար արդարացում չեն երեխաների նկատմամբ նման գործողությունների համար:
Այդ որոշումը գերմանական դատական համակարգում առաջին դեպքն է, երբ կրոնական ծեսը համարվում է քրեական հանցագործություն: Այդ դատավճիռը կանդրադառնա առաջին հերթին բժշկական փորձի վրա, քանի որ առանց բժշկի համապատասխան գործողություն անցկացնելու համար սպասվում է պատիժ, ինչպես որ մարմնական վնասներ հասցնելու դեպքում:
Քյոլնի դատարանն ուսումնասիրում էր մուսուլման բժշկի դեմ մեղադրանքը, որը 4-ամյա երեխային նրա ծնողների խնդրանքով թլպատել էր: Դրանից երկու օր անց երեխայի մոտ արյունահոսություն էր սկսվել, և մայրը նրան տեղափոխել էր սովորական հիվանդանոց: Այդ դեպքի մասին հայտնի է դարձել դատախազությունում, որն էլ հայց է ներկայացրել բժշկի դեմ: Ծնողների խնդրանքով, տեղական դատարանը թլպատումն օրինական է համարել, իսկ դատախազությունը բողոքարկել է այդ վճիռը Քյոլնի դատարանում և շահել է գործը:
Գերմանիայում ամեն տարի հազարավոր երեխաներ թլպատվում են մեկ տարեկանում: Տեղի մուսուլմանական և հրեական կազմակերպությունները մինչ այժմ խիստ քննադատում են այդ ծեսն արգելելու փորձերը: Նրանք դա դիտում են որպես դավանանքի ազատութան սահմանափակում: Քյոլնի դատարանի այս վճռի վերաբերյալ դեռ նրանցից ոչ մեկը մեկնաբանություն չի տվել: Չի բացառվում, որ հարցը կուղարկվի սահմանադրական դատարան:










































