Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման հերոս Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ ուրախ է Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած իր հոբելյանական` 100-րդ խաղում 2 գոլ հեղինակելու կապակցությամբ:
«Ես շատ ուրախ եմ, որ ազգային հավաքականի կազմում իմ 100-րդ խաղն անցկացրեցի և գոլեր խփեցի: Այժմ մեզ կիսաեզրափակչի հանդիպում է սպասվում, այն էլ` Պորտուգալիայի ընտրանու հետ: Պետք է պատրաստ լինենք դժվարին պայքարի: Ամեն ինչ գիտենք Քրիշտիանու Ռոնալդուի մասին, սակայն չենք վախենում:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը, մենք շատ գոլային պահեր չստեղծեցինք, բայց ամբողջովին վերահսկում էինք խաղի ընթացքը:
Եթե հնարավորություն է ընձեռվում, միանում եմ մեր թիմի կազմակերպած գրոհներին: Այսօր դա ինձ մոտ ստացվեց: Անկեղծ լինեմ` չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ գլխի հարվածով գոլ խփել: Հնարավոր է` դեռևս «Լիվերպուլ»-ի կազմում հանդես գալու ժամանակ:
Մրցակցի խաղի վերլուծությունը մեր թիմի համար որոշիչ չի լինում: Մենք փորձում ենք խաղալ մե՛ր ոճով և պահպանել մե՛ր սկզբունքները»,- իսպանացի լրագրողներին է հայտնել ազգային ընտրանու կիսապաշտպանը:










































