Սիրիայի ափերի մոտ` Միջերկրական ծովի ափին թուրքական և սիրիական փրկարարների կողմից շարունակվում են երկու օդաչուների որոնողական աշխատանքները, որոնք, սակայն, դեռևս արդյունքներ չեն տվել: Ինչպես հաղորդել է NTV հեռուստաընկերությունը, որոնողական աշխատանքներին մասնակցում են երկու երկրների ռազմաօդային և ռազմածովային ուժերը:
Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն` ծովում հայտնաբերվել են թուրքական օդանավի մնացորդներ: Սակայն այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել պաշտոնական աղբյուրների կողմից:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը թուրքական բանակի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թուրքիայի F-4 կործանիչը, որը թռել էր թուրքական Մալաթիա նահանգի «Էրղաք» բազայից, թռիչքից մեկուկես ժամ հետո Միջերկրական ծովի օդային տարածքում կորել է ռադարի էկրանից: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ երկու օդաչուները կենդանի են գտնվել Սիրիայի ափերի մոտ:
Ավելի ուշ Սիրիայի պաշտոնյաները հաստատել էին, որ իրենց տարածքում խփել են թուրքական ռազմական օդանավ:








































