Բահրեյնի Wefaq ընդդիմադիր կուսակցության առաջնորդ շեյխ Ալի Սալմանը վիրավորվել է Մանամայում ոստիկանության ու ցուցարարների բախման ժամանակ:
Reuters-ի տեղեկություններով, Սալմանի ուսին ու կրծքին դիպել են ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է ուղղվել վերջինիս ուղղությամբ: Սալմանը վիրավորվել է, երբ գտնվել է ընդդիմադիրների շարքում, որոնք փողոց են դուրս եկել` պահանջելով դեմոկրատական բարեփոխումներ:
Ականատեսները պատմել են, որ ոստիկանության ուղղությամբ նետվել է հրավառ նյութով շիշ, ինչից հետո իրավապահները կիրառել են ամբոխին ցրելու համար նախատեսված հատուկ միջոցներ:
Բահրեյնի ժողովրդական բողոքի ալիքը բարձրացավ 2011թ. փետրվարին՝ «արաբական գարնան» ֆոնի վրա: Բողոքի ցույցերին մասնակցում էին ընդդիմադիր ուժերը, հիմնականում շիա մուսուլմանները, որոնք կազմում են երկրի բնակչության 75 տոկոսը:









































