«Պարզվում է՝ ՀՀԿ-ն իսկապես «հավատացել ու փոխվել» է. Աժ-ում կառավարության ծրագրի քննարկման բոլոր ընդմիջումները Տիգրան Սարգսյանն անցկացրել է իր «նապարնիկ» Հովիկ Աբրահամյանի սենյակում, նրա հետ «ջան ասել-ջան լսել», ինչը տեսարժան է այն առումով, որ նախկինում Տիգրան Սարգսյանն ընդհանուր միջանցքով գալիս-մտնում էր դահլիճ՝ մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ու նույն ճամփով էլ վերադառնում էր կառավարություն»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեկ այլ ավանդույթ էլ խախտվեց կառավարության ծրագրի հաստատման օրը՝ հիմնված Անդրանիկ Մարգարյանի կողմից. տարիներ շարունակ ՀՀԿ-ն կառավարության ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո հավաքվում էր կոալիցիայի սենյակում՝ շնորհավորում, մեկ բաժակ կոնյակ էր ըմպում: Այս անգամ այդպես չեղավ: Ոչ թե այն պատճառով, որ Տիգրան Սարգսյանը հետևել էր իր պապի խորհրդին ու չէր ցանկացել ընկերություն անել չխմող մարդկանց հետ (գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը չխմողների դասից է), ինչպես մեզ բացատրեցին ՀՀԿ-ից՝ զուտ տեխնիկական պատճառներով դա հնարավոր չի եղել, որովհետև ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո Աժ արտահերթ նիստն է սկսվել, և դահլիճից բացակայել հնարավոր չի եղել: «Դեռ կխմենք»,- ասացին:











































