ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման Մեքսիկայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ միմյանց երկրներ այցելելու հրավերներով են փոխանակվել։ Այս մասին, ինչպես գրում է Ria Novosti-ն, լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հերքելով մի շարք ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, որ երկու առաջնորդների բանակցությունները բարդ և դժվարին են եղել:
«Պուտինն Օբամային հրավիրել է Ռուսաստան այցելել, իսկ Օբաման էլ Պուտինին է հրավիրել ԱՄՆ: Որոշել են հեռախոսով պայմանավորվել»,- ասել է Ուշակովը՝ հիշեցնելով, որ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել:
Նա նշել է, որ ԶԼՄ-ներում այդ հանդիպումը դիտարկվել է որպես «Մեծ քսանյակի» գագագթնաժողովի կենտրոնական իրադարձություն:
«Չեր կարող աննկատ մնալ այն, որ ԱՄՆ-ում լրագրողների մի մասը շուտափույթ եզրակացություններ է կատարել, թե բանակցությունները բարդ էին: Սակայն այդ եզրակացությանը նրանք հանգել են բացառապես երկու առաջնորդների ժեստերից և միմիկաներից ելնելով: Բայց ես կասեի, որ հանդիպումը կառուցողական է եղել, ցույց է տվել երկու առաջնորդների երկկողմ ռազմավարական փոխհարաբերություններն ամրապնդելու պատրաստակամությունը: Մթնոլորտը շատ բարեկամական էր»,- հայտարարել է Ուշակովը:










































