«Միլան»-ի հոլանդացի կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը հայտարարել է, որ ավարտում է իր ելույթներն իր ներկայիս ակումբի կազմում, ինչպես նաև 10 համարի մարզաշապիկը հանձնում է թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչին:
«Ես որոշել եմ լքել «Միլան»-ը և 10 համարի մարզաշապիկը հանձնել Իբրահիմովիչին: Շատ դժվար էր այդ որոշումը կայացնելը, քանի որ հրաժեշտ եմ տալու թիմի, որն ինձ համար ընտանիքի պես է: Իտալիա´, շնորհակալ եմ այս անմոռանալի 13 տարիների համար:
Ապագայի մասին խոսելը դեռ վաղ է: Այս պահերը ցանկանում եմ անցկացնել «Միլան»-ի հետ, որտեղ անցկացրած 10 մրցաշրջաններն անցան մեկ ակնթարթի պես, քանի որ լի էին հաղթանակներով ու հաջողություններով: Շնորհակալ եմ նախագահին, Գալիանիին, բոլոր նրանց, ովքեր աշխատում են այստեղ, տիֆոզիներին, լրագրողներին:
Երբեք չեմ մոռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ լեփ-լեցուն «Սան Սիրոյում» 3:0 հաշվով հաղթանակը: Դա 2007 թվականին էր, որն ամենադժվարն էր իմ մարզական կարիերայում:
Չնայած այն հանգամանքին, որ ես արդեն 36 տարեկան եմ, կշարունակեմ ֆուտբոլ խաղալ: Ես բազմաթիվ առաջարկներ ունեմ և պետք է խորհրդակցեմ ընտանիքիս հետ: Փողն ինձ համար երբեք առաջնային չի եղել»,-հայտարարել է հոլանդացի կիսապաշտպանը:











































