Ռուսական գազը Լեհաստանի համար գոնե խորհրդանշական կես դոլարով ցածր պետք է լինի, քան թե Գերմանիայի համար: Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Վալդեմիր Պավլյակը:
«Գազպրոմը» և լեհական նավթագազային Polskie Gazownictwo Naftowe i Gornictwo (PGNiG) ընկերությունները ներկա դրությամբ բանակցություններ են վարում գազի գնի վերանայման շուրջ, որը լեհերը անարդար են համարում: Անցած տարվա աշնանը լեհական կողմը դիմել է Ստոկհոլմի դատարան` պահանջելով մատակարարվող հումքի էժանացում:
Չորեքշաբթի օրը «Գազպրոմի» փոխղեկավար Ալեքսանդր Մեդվեդևը լրագրողներին հայտնել է, որ ընկերությունը մտադիր է մոտ ժամանակներս բնական գազի գնի վերաբերյալ համաձայնության գալ լեհական PGNiG-ի հետ: Նա նշել է, որ գները կարող են իջեցվել:
Մեկնաբանելով այս հայտարարությունը` Պավլյակը կարծիք է հայտնել, որ ռուսական «Գազպրոմը» ճիշտ է արձագանքում կատարվող իրադարձություններին:






































