Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հաջորդ շաբաթ կստորագրվի դերասանների հեղինակային իրավունքների պաշտպանության մասին նոր միջազգային պայմանագիր, որի կիրառման համար, սակայն, մեծ ջանքեր կպահանջվեն:
Հոլիվուդյան աստղեր Մերիլ Սթրիփն ու Խավիեր Բարդեմն աջակցել են պայմանագրի ստորագրման ջանքերին: Այն պատրաստման փուլում է արդեն մեկ տասնամյակ: Թվային տեխնոլոգիաները հեշտացրել են ֆիլմերի և հեռուստատեսային շոուների ներբեռնումը՝ առանց դրանց համար վճարելու:
Դերասանների հեղինակային իրավունքները, ի տարբերություն ռեժիսորների, սցենարիստների և երաժիշտների, ներառված չեն հեղինակային իրավունքների մասին գործող միջազգային օրենքում:
Դերասանները, որոնց մասնակցությամբ շոուները կամ ֆիլմերը վաճառվել են արտասահմանյան ընկերություններին, այդ հեռարձակումներից վճարում ստանալու օրինական իրավունք չունեն, իսկ եթե վճարում տրամադրվի, ապա դա պետք է ուղղվի պրոդյուսերներին:
Միջազգային պայմանագրի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև անցած տարի: Այն վավերացրել են ՄԱԿ-ի անդամ 185 երկրները: Պայմանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ Պեկինում:
Չինաստանում հոլիվուդյան վերջին ֆիլմերն ամենուր հասանելի են ապօրինի DVD սկավառակներով, որոնք արժեն 1 դոլար: Ցանցահենները կինոարդյունաբերության ոլորտին տարեկան միլիոնավոր դոլարների վնաս են հասցնում:











































