Հայաստանն առ այսօր կրավորական դիրքորոշում ունի ԼՂՀ ձևավորման հարցի վերաբերյալ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ կոչ անելով իր ասածը չշփոթել Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հետ:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում տարիների ընթացքում ԼՂՀ-ն օբյեկտից դարձել է սուբյեկտ:
«Առ այսօր աշխարհի ոչ մի պետություն չգիտի՝ ինչպես է ձևավորվել ԼՂՀ-ն: Իսկ մենք ուզում ենք շեշտել, որ ԼՂՀ-ն օրինականորեն է ձևավորվել: Ես չեմ թաքցնում. մենք դեմ ենք, որ ԼՂՀ-ն ճանաչվի Հայաստանի կողմից: Ավելին, այժմ բանակցում ենք համապատասխան ատյանների հետ և արդեն սեպտեմբերին ԼՂՀ ձևավորման օրինականության հարցը քննարկելու ենք ամենատարբեր ամբիոններում: ԼՂՀ ձևավորման օրինականության հարցով դիմելու ենք նաև ԱԺ բոլոր խմբակցություններին, մինչև ի վերջո ԼՂՀ-ն կարողանա իրողություն դարձնել ինքնորոշման հարցը»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը չբացառեց, որ ՆԱՏՕ-ն կարող է խաղաղապահ ուժեր մտցնել Հայաստան, բայց ոչ թե ԼՂՀ անվտանգության ապահովման, այլ Իրանի դեմ ՀՀ տարածքում պլացդարմ ստեղծելու նպատակով:
«Արցախի անվտանգությունը միայն արտաքին շղարշ է լինելու՝ քողարկելու ՆԱՏՕ-ի իրական նպատակները: Հարց է նաև՝ ի՞նչ ենք անելու, երբ ի վերջո գա ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած սկզբունքների կիրառման ժամանակը»,- հարց հնչեցրեց նա:










































