ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նախկին ղեկավար, առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության թիվ մեկ թեկնածուն՝ Միթ Ռոմնին, կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը համարվում է իր երկրի «աշխարհաքաղաքական հակառակորդը»։
«Ռուսաստանը հետևողականորեն խոչընդոտում է ԱՄՆ-ի գործողություններին ՄԱԿ-ում։ Իհարկե, մենք թշնամիներ չենք և չենք պատերազմում իրար դեմ։ Սա «սառը պատերազմ» չէ, սակայն Ռուսաստանը համարվում է մեր աշխարհաքաղաքական հակառակորդը»,- ասել է Ռոմնին Fox News-ին տված հարցազրույցում։
Ռոմնին ասել է, որ ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորման սկզբունքը պետք է լինի «ուժը»։ «Արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ պետք է հանդես գալ ուժի դիրքերից․ ԱՄՆ-ը պետք է ունենա ուժեղ տնտեսություն և զինված ուժեր։ Մեզ անհրաժեշտ է մի նախագահ, որը կարող է ցուցադրել իր բնավորության ուժեղ կողմերը և լավ հարաբերություններ հաստատել դաշնակիցների հետ, ոչ թե մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին»,- ասել է Ռոմնին։
Հիշեցնենք, որ սա նման առաջին հայտարարությունը չէր։ Նախկինում էլ Ռոմնին կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի և նրա ղեկավարության հասցեին։






































