Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում «Վեցնյակը» և Իրանն առաջին անգամ քննարկել են հարցի լուծման տեխնիկական մանրամասները: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
«Այսօր մենք որոշել ենք այն ուղին, որով պետք է շարժվել: Վերջապես առաջին անգամ տեղի ունեցան իրական քննարկումներ տեխնիկական մանրամասները հասկանալու անհրաժեշտության մասին»,- ասել է Էշթոնը:
Նրա խոսքերով` «Վեցնյակը» պատրաստ է հստակ քայլեր ձեռնարկել Իրանի նկատմամբ՝ ի պատասխան Թեհրանի կողմից համանման գործողությունների:
Դրա հետ մեկտեղ Մոսկվայում նշել են, որ էական տարաձայնություններ գոյություն ունեն Թեհրանի և «Վեցնյակի» միջև:
«Տարաձայնությունները շատ զգալի են: Հենց այդ պատճառով անցկացվել են հինգ նիստեր և շատ երկկողմ հանդիպումներ»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքերով` իրանական միջուկային խնդրի շուրջ «Վեցնյակի» փորձագետների և Իրանի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Ստամբուլում:






































