«Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում Պոզնանում կայանալիք Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը Իռլանդիայի ընտրանու ավագ կլինի կիսապաշտպան Դամիեն Դաֆը: Հիշեցնենք, որ իռլանդական թիմի գործող ավագն է հարձակվող Ռոբին Կինը:
Դամիեն Դաֆն, ում համար այսօր կայանալիք Իտալիայի հավաքականի հետ հանդիպումն ազգային թիմի կազմում 100-րդն է, լրագրողներին է հայտնել առաջիկա իրադարձության հետ կապված իր տպավորությունները:
«Հնարավոր է, որ այս ամենն իմ գիտակցությանը կհասնի 1 շաբաթ կամ գուցե 1 տարի անց: Հասկանում եմ, որ դա էական նվաճում է, սակայն առայժմ պարզապես ցանկանում եմ հաջողության հասնել իտալացիների հետ խաղում:
Իհարկե, անսահման հպարտանում եմ այն պահով, երբ 100-րդ անգամ ազգային հավաքականի կազմում խաղադաշտ դուրս կգամ: Գիտակցում եմ, թե որքան մեծ նշանակություն ունի դա իմ և ընտանիքիս համար»,- ասել է Դաֆը:









































