Խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը Լոնդոնի մրցաշարի հաղթող է ճանաչվել: Նրա հակառակորդ Արգենտինայի հայազգի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը որակազրկվել է խաղի 6:7(3:7), 4:3 հաշվի ժամանակ:
Սեփական անհաջող փոխանցումից հետո Նալբանդյանը զայրույթից ոտքով հարվածել է գովազդային կողին, որի ներսում էր գտնվում գծային մրցավարը: Կողի ջարդված մասերից մեկը վնասել է մրցավարի ոտքը: Կորտ է դուրս եկել վերահսկիչն, ով իրավիճակին ծանոթանալուց հետո որոշում է կայացրել որակազրկել արգենտինացի թենիսիստին:
Փոքր-ինչ անց Դավիդ Նալբանդյանը հայցել է գծային մրցավարի ներողամտությունը` նրան վնասվածք պատճառելու համար:
«Ցավում եմ, որ այսպես ստացվեց: Երբեմն բացասական էմոցիաները կորտում միանգամից պոռթկում են: Նման դեպքերում դժվար է լինում վերահսկել գործողությունները:
Սակայն, կարծում եմ` վերահսկիչը սխալ թույլ տվեց: Այնքան էլ ճիշտ չէ նման ձևով ավարտել մրցաշարը: Սխալվելու իրավունք ունեն բոլորը»,- AFP-ն մեջբերում է Նալբանդյանի խոսքերը:






































