Գրեթե 1600 զինծառայողներ և 290 երաժիշտներ մասնակցել են շաբաթ օրը տեղի ունեցած զինվորական շքերթին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ:
Եղիսաբեթ 2-րդը ծնվել է ապրիլի 21-ին, սակայն պաշտոնական արարողությունը կատարվում է հունիսի շաբաթ օրերից մեկը, իսկ տոնի ամսաթիվը հայտարարում է թագուհին:
Թագուհին, ով ընդունում է շքերթները 1952-ից, ժամանել էր հանդիսությանը ամուսնու` Էդինբուրգի դքսի հետ: Թագուհին դեղին թիկնոց և նույն գույնի գլխարկ էր կրում:
Ռազմական շքերթները միապետների ծննդյան օրվա կապակցությամբ Մեծ Բրիտանիայում անցկացվում են 1748 թվականից: Միայն մեկ անգամ` 1955թ. արարողությունը ստիպված են եղել հետաձգել երկաթգծի աշխատակիցների համազգային գործադուլի պատճառով:
Շքերթից հետո թագուհին և նրա ամուսինը մեկնել են Բուքինգհեմյան դղյակ, որտեղի պատշգամբից հարազատների հետ միասին հետևել են երկու տասնյակից ավել ինքնաթիռների թռիչքին:










































