Տուրիզմի ոլորտում Հայաստանի խնդիրը որակյալ կադրերի բացակայությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, VATEL միջազգային ռեստորանային, հյուրանոցային բիզնես-դպրոցի տնօրեն Ռոբերտ Մինասյանը` անդրադառնալով ոլորտի առաջնահերթություններին:
Նա նշեց, որ այսօր շատ խիստ ու լուրջ է դրված տուրիզմի ոլորտում մասնագետ կադրերի խնդիրը: Ըստ Ռ. Մինասյանի՝ քսան տարիների ընթացքում շատ չնչին առաջընթաց ենք ունեցել։ Ըստ նրա` տուրիստական կադրերի ուսումնական հաստատություններ գրեթե չեն եղել։ Շարունակելով` նա նշեց, որ մեր խնդիրն է որակյալ կադրեր պատրաստել շուկային դիմակայելու և նոր որակյալ տուրիստական ապրանք պատրաստելու, շուկա ներկայացնելու համար։
«Քսան տարիների ընթացքում շուկա չենք հանել նոր տուրիստական ապրանք, որպեսզի դա արտահանվի: Պետք են նոր կադրեր, նոր մտածելակերպ, որը կբավարարի մեր երկիր այցելողների պահանջները: Այդ առումով մենք ետ ենք ընկել, և այդ հարցը պետք է լուծեն կրթական հաստատությունները։
Չկա աշխարհում ոլորտ, որը զարգանա առանց գիտության, նույնը տուրիզմն է: Գիտությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են գումար և ներդրումներ, ապրանքները, հայտնաբերվելու դեպքում, իրոք կհետաքրքրեն աշխարհին, և մարդիկ կայցելեն։ Հայաստանը հրաշք երկիր է և կարող է իր ուրույն տեղն ունենալ»,- մեկնաբանեց բանախոսը:
Նա տուրիզմի զարգացման ոլորտում կարևորեց Հայաստանը ճիշտ ներկայացնելը: Ըստ նրա` պետք է ստեղծել հայկական տուրիզմի բրենդ, ինչպիսին Էյֆելն է՝ Ֆրանսիայում, և այլն:










































