Hispanic Business.com-ը հաղորդում է, որ Թուրքիան պատրաստվում է նվազեցնել Իրանից նավթի գնման ծավալները` այն փոխարինելով Լիբիայի կամ Սաուդյան Արաբիայի նավթով, չնայած ԱՄՆ-ն ազատել էր երկրին Իրանի հետ համագործակցելու պատժամիջոցներից : Այս մասին հայտնել է Zaman թերթը` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:
Նախարարի խոսքով` Թուրքիան պատրաստվում է Լիբիայից մեկ միլիոն տոննա նավթ գնել, ինչպես նաև բանակցություններ են վարում Սաուդյան Արաբիայի հետ նույն հարցի առնչությամբ: Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա Սաուդյան Արաբիայից գնվող նավթի ծավալը կավելանա:
Նախարարը նաև նշել է, որ իրենք վարում են անկախ էներգետիկ քաղաքականություն, և իրենց որոշումը կապված չէ ԱՄՆ-ի որոշման հետ:
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն ազատել էր Հնդկաստանին, Մալայզիային, Հարավային Կորեային, Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Շրի Լանկային, Թուրքիային և Թայվանին այն պատժամիջոցներից, որոնց երկրները ենթարկվում են Իրանի հետ համագործակցելու պատճառով:











































