«Հրապարակ»-ը գրում է, որ չորեքշաբթի օրը Հովիկ Աբրահամյան-ԱԺ ֆրակցիաների նախագահներ հանդիպումն անցել է բավականին բուռն, և գլխավոր ընդդիմախոսի դերում եղել է ոչ թե ՀԱԿ-ը, այլ՝ ՀՅԴ-ն:
«Արմեն Ռուստամյանը բողոքել է, որ ՀՀԿ-ն հերթական անգամ խախտել է Աժ կանոնակարգն ու Դոնթի բանաձևը և տասը հանձնաժողովի փոխարեն 12 մշտական հանձնաժողով է ձևավորել, ինչի մասին արդեն ՀՅԴ-ն առաջին նիստում իր առարկությունը հայտնել էր: 12 հանձնաժողովը նշանակում է 12 ավտոմեքենա, այդքան աշխատավարձ, քարտուղարուհի և այլն: Հովիկ Աբրահամյանը Ռուստամյանին առարկել է՝ ձեզ էլ հասավ հանձնաժողովի մեկ տեղակալ: «Լավ էր չհասներ,- նեղսրտել է Արմեն Ռուստամյանը:
«ՀՀԿ-ին հանձնաժողովի 2 նախագահ ավելի է հասել»: Այսքանով մեծ ֆրակցիա-փոքր ֆրակցիա կռիվը չի ավարտվել: Ռուստամյանի հաջորդ բողոքն առնչվել է Աժ կանոնակարգի խախտմանը. ֆրակցիաներ է ուղարկվել մշտական հանձնաժողովների անդամների ցանկի մասին որոշումը, երբ դեռ ընտրված չեն հանձնաժողովների տեղակալները: Կամ կանոնադրությունը փոխեք, կամ՝ որոշումը,- պահանջել է Ռուստամյանը: «է, կփոխենք»,- ասել է Աբրահամյանը՝ ոչինչ չասելով, թե այդ փոփոխությունը կապ ունի՞ ՀՀԿ կարգախոսի առաջին մասի՝ «հավատալու» հետ»,- հավելում է թերթը:






































