Դուբայի օդանավակայանում տեղի մաքսավորները ձերբակալել են ասիական ծագմամբ երկու մաքսանենգի, ովքեր փորձել են ապօրինաբար Արաբական Միացյալ Էմիրություն ներմուծել ավելի քան 1000 առարկա, որոնք նախատեսված են մոգական ծեսերի համար։ Այս մասին հաղորդում է rbc.ru–ն։
Արաբական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մաքսային տեսուչների կողմից հայտնաբերված բեռի մեջ եղել են ծիսական դանակներ, ամուլետներ, մատանիներ, արյան նմուշներ ու մոգության մասին գրքեր, ինչպես նաև՝ կենդանիների կաշի և ոսկորներ։
Մաքսանենգները մաքսային տեսուչների մոտ կասկած են հարուցել մինչ մաքսակետին մոտենալը: Արդյունքում անվտանգության աշխատակիցները որոշել են ստուգել ուղևորների բեռը:
Դեռ հայտնի չէ, թե նրանց ինչ պատիժ է սպասվում: Հարկ է միայն նշել, որ տեղի օրենսդրությունը կտրականապես արգելում է ԱՄԷ–ի տարածքում մոգությամբ զբաղվել: