Այսօր Երևանին կից Հաղթանակ գյուղի թիվ 113 միջնակարգ հանրակրթական դպրոցում մեծ շուքով տեղի էր ունենալու արցախյան ազատամարտի նվիրյալ Նորիկ Խաչատրյանի հուշաքարի բացման արարողությունը: Նշյալ դպրոցը ևս նրա անունն է կրում, ու թեև միջոցառման առիթը ոգեշնչող է, այդուհանդերձ այն նաև հրաժեշտի ցերեկույթ կլինի… քաղաքական ենթատեքստով:
Գյուղում ափսոսանքի շշուկներ կան, քանի որ դպրոցի տնօրեն Վարդգես Վարդանյանը ի պաշտոնե և փաստացի հրաժեշտ է տալու իր աշխատանքային կոլեկտիվին: Այս տարվա մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վերադասները նրան հրահանգել են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` պատճառը ընտրություններն են. նրա ղեկավարած դպրոցում տեղակայված թիվ 7/16 ընտրատեղամասում թեև մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից ՀՀԿ թեկնածու Սամվել Ալեքսանյանն է հաղթել, բայց կուսակցական պայքարում ԲՀԿ-ն է ՀՀԿ-ից առաջ անցել: Ասում են, որ Վարդգես Վարդանյանն արդեն գրել է ազատման դիմումը, քանի որ այլ ելք չուներ, մինչդեռ նա ընդամենը ամիսներ առաջ՝ 2011-ի դեկտեմբերին էր մասնակցել «Երևանի Ն. Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին և հաղթել:
Լավատեղյակները պնդում են, որ կոլեկտիվում նրա նկատմամբ միշտ մեծ հարգանք է եղել, քանի որ իր պարկեշտությամբ, հարգանքով առողջ մթնոլորտ է ստեղծել կոլեկտիվում, դպրոցի աշակերտների ծնողներին էլ այստեղ դրամահավաքության, ֆոնդերի բեռի տակ չի դրել: Եվ ստացվել է, որ բոլորը գոհ են, բացի իշխող քաղաքական ուժից՝ Հանրապետականից: Մեզ հասած տեղեկություններով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի (որի ենթակայության տակ է նաև Հաղթանակ գյուղը) ղեկավար Դավիթ Օհանյանն իր մոտ է կանչել Վարդգես Վարդանյանին, որն ընդամենը 5 տարի անց պետք է կենսաթոշակի անցներ, և ասել, որ դիմում գրի՝ ազատվի, քանի դեռ «ուրիշ ձևով» չեն հանել: Իհարկե, այս տեղեկությունը չհաջողվեց անձամբ Դավիթ Օհանյանից ճշտել, քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել էր:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նաև մամուլում հայտնված տեղեկություններով, Վարդգես Վարդանյանը միակ տուժողը չէ. նշվում է, որ քաղաքական ենթատեքստով, քողարկված հաշվեհարդարը շարունակվել է նաև այն անձանց նկատմամբ, ովքեր կամ չեն ցանկացել, կամ էլ չեն կարողացել ապահովել ՀՀԿ հաղթանակն իրենց վստահված տարածքում:
Թերթերից մեկը գրել էր, որ հետընտրական շրջանում նախաինֆարկտային ախտանիշներով «Մալաթիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 86 մանկապարտեզի վարիչ Մելանյա Մարտիրոսյանը: Նա այդ վիճակում էր հայտնվել, երբ Երևանի քաղաքապետարանից մանկապարտեզ էին եկել վերահսկողության բաժնի աշխատակիցները և տեսել, որ մանկապարտեզի պահակն այնտեղ է ապրում իր ընտանիքով (երկու ամիս)՝ կնոջ և դստեր հետ, որոնք ևս մանկապարտեզում էին աշխատում: Այսինքն` վարիչը թույլ է տվել մի բան, որի իրավունքը չուներ և քանի որ սրտի խնդիրներ է ունեցել, միանգամից վատացել է: Երբ թերթը փորձել էր իրավիճակը պարզել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանից, վերջինս համոզմունք էր հայտնել, որ Մելանյա Մարտիրոսյանի կյանքին վտանգ չի սպառնում, և նա շուտով կանցնի աշխատանքի: «Արտառոց բան չեմ տեսնում, յուրաքանչյուրս էլ կարող ենք վատանալ, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ»,- լրագրողի հետ զրույցում վստահեցրել էր վարչական շրջանի ղեկավարը և զարմացել, որ նա տիկին Մելանյայի առողջական վիճակի վատանալը կապել է ստուգումների հետ. «Մեկը մյուսի հետ ինչո՞ւ եք կապում: Իհարկե, դրանք իրար հետ կապ չունեն: Մարդու վատ զգալն ի՞նչ կապ ունի ստուգումների հետ»:
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ևս «միացել էր» այդ զարմանքին, բայց և ասել. «Դրանք աշխատանքային, պլանային ուսումնասիրություններ են և անցկացվում են մանկապարտեզներում ու դպրոցներում: Ցավում եմ, որ այդ ստուգումները զուգադիպել են մանկապարտեզի վարիչի առողջական վիճակի վատթարացման հետ»:
Հ.Գ. Ասում են՝ դպրոցների և մանկապարտեզների որոշ տնօրենների փոխարինել կամ փոխարինելու են, քանի որ առջևում ՀՀ նախագահական լուրջ և կոշտ ընտրություններ են լինելու:










































