Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ հրապարակեց փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի վերաբերյալ, որի շրջանակներում որպես վկա ցուցմունքներ է տվել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ծառայության քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործը մայիսի 25-ին է հարուցել։
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ-ում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, պնդում է ԱԱԾ-ը, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարներից մոտ 1 միլիոն 135 հազար դոլարը իրականում բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի և նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին։
Բացի այդ՝ ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, «Սիվիլիթաս» հիմնադրամը 2011-ին՝ անցած տարի, հաշվետվություն չի ներկայացրել ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործած միջոցների՝ այդ թվում Փոլիմեր Մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 միլիոն դոլար գումարի վերաբերյալ։
«Առաջին լրատվական»-ի Լոս Անջելեսի թղթակիցն այս առթիվ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում:
Պարզվում է, որ Ջոն Հանթսմանը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացրել դեռևս 1988թ.-ից: Ըստ մամուլի հրապարակումների՝ երկրաշարժին հաջորդած տարիների ընթացքում Հանթսմանների ընտանիքն աղետից տուժածներին ընդհանուր առմամբ հատկացրել է 18 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Հայաստանում ծավալած հումանիտար գործունեության համար Հանթսմանը Քոչարյանի ձեռամբ արժանացել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան պետական շքանշանի, ինչը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել: Ի դեպ, Հանթսմանը նաև Գյումրիի պատվավոր քաղաքացի է: 2006թ. օգոստոսի 23-24-ը լինելով Հայաստանում (այստեղ նա եղել է երկու տասնյակ և ավելի անգամ)՝ Ջ. Հանթսմանը հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առողջապահական կենտրոն բացելու առաջարկ է արել և դրական պատասխանի է արժանացել:
«Հանթսման բիլդինգ փրոդաքթս»-ն ու «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»-ն կամ մորմոնները
Դեռևս 1990 թվականից Երևանում գործում է «Հանթսման բիլդինգ փրոդաքթս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կղմինդրի և ծածկի սալիկների արտադրությամբ: Հանթսմանը հարում է «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն» կամ մորմոնների ուսմունքին: Ինչ վերաբերում է մորմոններին, ապա այս կրոնական կազմակերպությունը շատ օրինապահ է, ինքն իր ներսում` ամուր և կառուցողական: Մորմոնները, որպես կրոնական կազմակերպություն, ՀՀ-ում գրանցվել են 1992թ.-ից, ունեն 8 կենտրոն, որից 5-ը` Երևանում է, հրատարակում են «Լիահոնա» ամսագիրը: Նրանց տրամադրած տվյալների համաձայն՝ հանրապետության տարածքում այս ուսմունքի հետևորդների թիվը հասնում է մոտ 2000-ի, սակայն, ըստ մեր աղբյուրների` իրականում նրանք մեզ մոտ ավելի շատ են: Նույն աղբյուրի հավաստմամբ, մորմոնները վերջին շրջանում սկսել են գործել շատ ակտիվ` «միսիոներական զույգերով» քարոզ իրականացնելով փողոցներում: Տարիներ առաջ միանման համազգեստներով օտարերկրացի պատանիները նույնիսկ պատարագի ժամանակ ներխուժել են Արարատյան թեմի առաջնորդանիստ «Սուրբ Սարգիս» եկեղեցի և տեղում քարոզ իրականացրել, մասնավորապես` ներկա հավատացյալներին հորդորել մոմ չվառել և թռուցիկներ են բաժանել: Ի դեպ, մորմոններն արգելում են ոչ մորմոնների մուտքն իրենց տաճարներ: Աշխարհում գոյություն ունի 50 մորմոնական տաճար: Մեր զրուցակիցը մտավախություն հայտնեց, թե մորմոնների հեռահար նպատակներից մեկը կարող է լինել Հայաստանում տարածաշրջանային տաճար կառուցելը:
Մորմոն «եկեղեցին» համաշխարհային տարածում ունեցող կուռ կազմակերպություն է, որի տարածմանը նպաստում է ակտիվ հոգեորսությունը: «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» համաշխարհային կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում` Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում, որի բնակչության 75 տոկոսը մորմոն է: Ներկայումս աշխարհի 130 երկրում մորմոնների թիվը հասնում է 10 մլն-ի: Մորմոնները Հայաստան են ներխուժել 1988թ. հետո, մեր աղբյուրի ասելով, զանազան բարեգործությունների անվան տակ, ի թիվս այլ ուղղվածությունների, հաստատվել են այնտեղ, քանի որ երկրաշարժից հետո Հայաստանում ստեղծված են եղել հոգիներ որսալու և ազդեցության գոտիներ ստեղծելու իդեալական պայմաններ: «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» ներկայանում է որպես հզոր ֆինանսական կայսրություն. նրանց կապիտալն անցնում է 30 միլիարդ դոլարից, որի հիմնական աղբյուրը հետևորդների կողմից պարտադիր ամսական վճարվող տասանորդներն են: Հսկայական եկամուտ է ապահովում նաև մորմոնների ծավալած առևտրային գործունեությունը:
Նրանց են պատկանում ավելի քան 100 առևտրային ընկերություններ` «Մարիոթ» հյուրանոցային ցանցը, ապահովագրական «Beneficial Life Tnsurance Company»-ին և այլն: Մորմոնները մեծ ուշադրություն են դարձնում նաև ԶԼՄ-ներին. նրանք տիրապետում են որոշ թերթերի, մասնավորապես «Լոս Անջելես Թայմսին», 11 ռադիոկայանների, 2 հեռուստակայանների: Ըստ հետազոտությունների՝ գաղափարական ազդեցության հետ մեկտեղ` մեդիաբիզնեսը նրանց բերում է տարեկան 300 մլն դոլարի եկամուտ: Ի տարբերություն հայերի՝ ՌԴ-ում (Պետդումայի Տեղեկագրի զետեղումների համաձայն) «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» դասվում է տոտալիտար (քայքայիչ) աղանդների շարքը: ՌԴ նախագահի վարչությանն առընթեր Կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության խորհրդին աղանդի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ 1990-ական թթ. մորմոնները 14 մլն դոլարի մարդասիրական օգնություն են ներկրել Ռուսաստան և տարածել:
Մեկ ուշագրավ փաստ ևս. մորմոնների հատուկ ջոկատները թափանցում են պետական արխիվներ: ՀՀ-ում այդ աշխատանքը կենտրոնացնում է «Հայկական ծագումնաբանական միություն» կազմակերպությունը: Ըստ ուսումնասիրողների՝ նրանք վաղուց ի վեր թափանցել են հայկական սփյուռքի գրեթե բոլոր երկրների համապատասխան արխիվներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մահվան գրանցման եկեղեցական մատյաններ` միկրոֆիլմերի տեսքով պատճենելով եկեղեցական, ծննդյան, ամուսնության ու մահվան, կենսագրությունների, գերեզմանատների մակագրությունների, ներգաղթի, թերթերի և պետական նշանակության այլ փաստաթղթերի տվյալներ, որոնց պատճենները պահվում են ԱՄՆ Յուտայի նահանգում տեղակայված Ծագումնաբանական միության «Գրանիտե սարի» պահոցներում:
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները Ջոն Հանթսմանի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ամենաբեղուն շրջանն է համարվում: Ինչպես վերևում արդեն նշեցինք, Հանթսմանն իր գործունեությունը Հայաստանում սկսել է Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Հանթսմանը փորձել է ամեն կերպ ընդունելության արժանանալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանի կողմից: Սակայն ապարդյուն: Այդ տարիներին ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա նրան Հայաստան չի հրավիրել շատ պարզ նկատառումով՝ Հանթսմանը մորմոն եկեղեցու առաջնորդ է և այդ փաստն ինքնին բավարար է եղել, որ նրան Հայաստանում բարեգործության շրջանակներից անդին չթույլատրվի:
Մեծահարուստ Հանթսմանի՝ Հայաստանում բեղուն գործունեությունը սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից ի վեր:
2006թ. օգոստոսի 24-ի «Հայոց աշխարհ»-ը գրում է. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի գործարար, «Հանթսման» կորպորացիայի նախագահ Ջոն Հանթսմանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ:
Ջոն Հանթսմանն այս անգամ ևս Հայաստան է ժամանել կրթության, առողջապահության ոլորտներին առնչվող գործնական լուրջ ծրագրերով: Ողջունելով գործարարի մտահղացումները` երկրի նախագահն ասել է. «Այն, ինչ արվում է Ջոն Հանթսմանի կողմից, արվում է սիրով, նվիրումով ու հավատով»:
Ամերիկացի գործարարը ցանկություն ունի Հայաստանում հիմնել ուռուցքաբանության ժամանակակից կենտրոն: Գաղափարը գնահատելով հետաքրքիր և հեռանկարային` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել դրա իրականացմանը: Երկրի ղեկավարը մեծապես կարևորել է նաև կրթության ոլորտի աջակցության ծրագրերը:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Հյուրերի խնդրանքով Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է երկրի տնտեսական վիճակին, տնտեսության գերակա ուղղություններին ու զարգացման հեռանկարներին»:
Հանթսմանի 2006թ. օգոստոսին Հայաստան կատարած այցի առթիվ ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը. «2006 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ամերիկացի հայտնի գործարար, բարերար, «Հանթսման» կորպորացիայի նախագահ Ջոն Հանթսմանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ: Ջոն Հանթսմանն այս անգամ Հայաստան էր ժամանել կրթության և առողջապահության ոլորտներին վերաբերող լուրջ գործնական ծրագրերով: Ողջունելով գործարարի մտահաղացումները՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է. «Այն, ինչ անում է Ջոն Հանթսմանը, անում է սիրով, նվիրումով ու հավատով»:
Ամերիկացի գործարարը մտադրություն ունի Հայստանում հիմնել ուռուցքաբանական կենտրոն: Այս գաղափարը գնահատելով որպես բավականին հետաքրքիր ու հեռանկարային, հանրապետության նախագահը ասել է, որ պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել դրա իրականացմանը: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ տարիների ընթացքում գործարարի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի և նրա մտադրությունները կյանքի կկոչվեն:
Իսկ տարիների ընթացքում Ջոն Հանթսմանն իսկապես քիչ բան չի արել մեր երկրում: Հատկապես նշանակալի է աղետի գոտու վերականգման գործում նրա ներդրումը: Եթե այսօր Գյումրի քաղաքում Հանթսմանի անունով փողոց ու դպրոց կա, դա ոչ միայն և ոչ այնքան երախտիքի նշան է, որքան իրողություն, որ ամբողջ թաղամասն ու դպրոցը կառուցվել են հենց ամերիկացի հայտնի գործարարի ու բարերարի միջոցներով:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն ու Ջոն Հանթսմանը խոսել են նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին, տնտեսության գերակա ուղղություններին ու զարգացման հեռանկարներին»:
Մի հետաքրքիր դետալ ևս. 2005թ. Միացյալ հայկական հիմնադրամի հերթական տարեկան ճաշկերույթին մասնակցելու համար Լոս Անջելեսում գտնվելիս Ռոբերտ Քոչարյանը Ջոն Հանթսմանի հրավերով մեկնում է մորմոնական Յուտա նահանգ և մի քանի օր հյուրընկալվում նրա ընտանիքին: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ նախագահին ուղեկցող պաշտոնական այրերից և ոչ մեկը Քոչարյանի հետ Յուտա չի մեկնում:
2005թ. «Առաջին լրատվական»-ի ԱՄՆ-ում մեր թղթակիցն անձամբ է լսել այդ տարիներին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի զայրույթն այս մասին, որ ՀՀ նախագահի մասնավոր այցը մորմոն եկեղեցու առաջնորդներից մեկի տուն անարգանք է Հայ եկեղեցուն և հայ ինքնությանը:










































