Լիբիայի Միսրատա քաղաքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վիրավորվել է մեկ մարդ, շենքին զգալի վնաս է հասցվել:
Հարկ է նշել, որ վերջին մի քանի օրերի ընթացքում սա արդեն երկրորդ հարձակումն է միջազգային առաքելության վրա: Հունիսի 11-ին Բենղազիում զինված անձինք հարձակում էին գործել ավտոշարասյան վրա, որով շարժվում էին բրիտանացի դիվանագետները: Դեսպան Դոմինիկ Էսկվիտը չէր տուժել:
Առայժմ հայտնի չէ՝ ով է կազմակերպել հարձակումը։ Ավելի վաղ այդ շրջանում գնդակոծության էր ենթարկվել ամերիկյան առաքելությունը, ՄԱԿ-ի և Կարմիր խաչի աշխատակիցները: Այդ հարձակումների հետևանքով տուժածներ չեն եղել:
Նշենք, որ անցյալ տարի Լիբիայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մի շարք զինված խմբավորումներ հրաժարվում են հանձնել զենքը և ենթարկվել կենտրոնական իշխանություններին:











































