Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը «Եվրո-2012»-ի D խմբի Անգլիայի և Ֆրանսիայի ընտրանիների միջև կայացած մեկնարկային հանդիպումից հետո նշել է, որ իր սաները կարող էին ավելի լավ խաղ ցուցադրել:
«Ես դժգոհ չեմ այսօրվա խաղի արդյունքից, սակայն նաև գոհ չեմ: Կարելի էր ավելի լավ խաղալ, և, հավանաբար, ես զգում եմ այն, ինչ զգում են նաև անգլիացիները: Մրցակիցները լավ սկսեցին խաղը և գերազանց անցկացրեցին առաջին 20 րոպեները: Իսկ մեզ որոշ ժամանակ պահանջվեց խաղը վերագտնելու համար:
Առաջին գոլից հետո մրցակցի դարպասը գրավելու հնարավորություն ունեինք նաև երկրորդ անգամ: Գոլային պահեր ստեղծեցինք 2-րդ խաղակեսում, սակայն մեզ չհաջողվեց նորից գրավել մրցակցի դարպասը:
Ուրախ եմ, որ չենք պարտվել, միավոր ենք վաստակել, բայց այս խաղում մենք պետք է առավելության հասնեինք: Չեմ կարծում, թե Անգլիան իշխում էր խաղադաշտում, չնայած մեր մրցակիցները նույնպես չիրացված գոլային պահեր ունեին:
Գոհ եմ հավաքականի պաշտպանական գոտու ֆուտբոլիստների գործողություններից: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ընտրանին լավ էր խաղում: Պետք չէ մոռանալ, որ մրցաշարի շրջանակներում մեր թիմի մեկնարկային հանդիպումն էր խմբի լավագույն թիմի հետ: Շատ կարևոր էր լավ խաղ ցուցադրել: Մենք արեցինք հնարավորը Անգլիայի ընտրանու նկատմամբ հաղթանակի հասնելու համար»,- ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Բլանը:





































