Toshiba ընկերությունը թողարկել է Dynabook Qosmio T750 քամելեոն նոութբուքը, հայտնում է lenta.ru-ն: Ճապոնիայում ներկայացված նորույթը ունի հատուկ կափարիչ, որը դիտանկյունը փոխելիս փոխում է գույնը:
Այդ գույնն անվանել են «փայլող օվկիանոս»: Այն փոփոխվում է կապույտից մինչև կանաչ` պլաստիկ կափարիչի ծածկույթի հատուկ կառուցվածքի հաշվին:
Այդ ծածկույթը բաղկացած է մի քանի շերտից: Ինչպես նշում են դրա ստեղծողները, յուրաքանչյուր շերտ, իր հերթին, բաղկացած է մի քանի հազար «նանոշերտից», ինչի շնորհիվ էլ ստացվում է «քամելեոնի» էֆեկտը:
Qosmio T750-ը ներառում է ժամանակակից նոութբուքի ստանդարտ պարամետրերը` 15.6-դյույմանոց էկրան, Intel Core i5 2.67 GHz պրոցեսոր, 750 ԳԲ կոշտ սկավառակ և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն:
Սկզբնական փուլում այս համակարգիչները կվաճառվեն միայն Ճապոնիայում: