Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ որոշում է ընդունվել բավարարել «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի ՀՖՖ ներկայացրած N03 24.01.2011թ. դիմումն` առ այն, որ «Կիլիկիա» ակումբի ֆինանսական ծանր վիճակը թույլ չի տալիս ստեղծելու մարտունակ թիմ, և ակումբը հրաժարվում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջիկա 2011 թ. առաջնությանը մասնակցելուց:
Այսպիսով, 2011 թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն ութ թիմեր` «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Շիրակ» և «Արարատ»:
«Կիլիկիա» ակումբի հրաժարականի հետևանքով տեղի կունենան փոփոխություններ 2011 թ. Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում: Խաղացանկով նախատեսված նախնական փուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը չի կայանա:
Փոխարենը` կանցկացվի վիճակահանություն «Շիրակ» և «Արարատ» ակումբների միջև, «Փյունիկ» և «Ուլիս» ակումբների մրցակիցներին որոշելու նպատակով: