Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում շարունակվում է հավերի ժանտախտը:
Եթե նոյեմբեր-դեկտեմբերին հիվանդությունը Շաղատ, Նորավան, Դարբաս, Մուցք, Վաղատին գյուղերում էր, ապա այն այսօր հասել է Սիսիան քաղաք:
Շաղատում բոլոր ընտանիքները համարյա տուժել են` 3000 հավ արդեն ոչնչացվել է: 801 բնակիչ ունեցող Վաղատինում միայն դեկտեմբերին 618 հավ ոչնչացվեց:
Ըստ գյուղացիների` հիվանդությունը մի պահ կանգ էր արել, բայց հունվարին նորից գլուխ է բարձրացրել: Միայն 800 թռչուն հունվարին սատկեց:
Մուցքի գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանի խոսքով էլ գյուղը 9 մլն դրամի վնաս է կրել: Գյուղի 2800 հավերը ոչնչացվել են, ոչ մի թռչուն չի մնացել:
Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պատասխանատուների խոսքով, հավերի տարբեր հիվանդություններ են տարածվել, միայն ժանտախտը չէ:
Սակայն անասնաբույժները սա բնական են համարում` ասելով, որ հունվարին արտառոց դեպքեր չեն եղել: Իրավիճակը լարված էր դեկտեմբերին: Ըստ սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցի` պետպատվերի շրջանակներում, հավերի պատվաստում չկա:
Նախկինում արվում էր, հիմա հանվել է ցանկից: Էդգար Թոխսանցի խոսքով, մարզ ներկրված պատվաստանյութի մի մասը հետ է տարվել:
«Մարդիկ չեն գնում, ասում են` կմորթենք կուտենք` մինչև սատկելը: Դրա համար էլ չեն պատվաստում ու վարակը տարածվում է մի համայնքից մյուսը»,- ասաց Է. Թոխսանցը:











































