Կիրակի օրը Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները հատկանշվել են ակտիվ ու մեծ մասամբ խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ, հիմնականում լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանմամբ, սակայն քվեարկողների վրա գործադրված ճնշումը, ինչպես նաև բողոքների քննարկման անկատար գործընթացը ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ: Այսօր այս մասին «Արմենիա-Մարիոթում» հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես գնահատեցին հայաստանյան ընտրությունները միջազգային դիտորդները:
Դիտորդներն արձանագրել են քարոզարշավի մի միջավայր, որտեղ հանրահավքների և խոսքի ազատությունները հիմնականում հարգվել են և թեկնածուները շատ դեպքերում ազատ քարոզելու հնարավորություն են ունեցել: Այնուամենայնիվ, քաղաքական կուսակցությունների և հասարակության մեծ մասի կողմից գործընթացի ամբողջականության նկատմամբ թերահավատությունը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս:
«Ընտրությունները անցկացվել են նոր Ընտրական օրենսգրքով, որն ապահովում էր ժողովրդավարական ընտրություններ իրականացնելու համար կայուն իրավական հիմք, սակայն շահագրգիռ մարմինները չեն իրականացրել նոր օրենքի կարևոր կողմերը, և այն եղանակը, որով քննվել են ներկայացված բողոքները, խարխլել է արդյունավետ իրավական պաշտպանության հիմքերը: Հայաստանն արժանի է գնահատվելու ընտրական ոլորտում իր բարեփոխումների, ինչպես նաև խաղաղ քարոզարշավ իրականացնելու համար, սակայն, այս մրցավազքում, շահագրգիռ որոշ կողմեր շատ հաճախ ձախողել են օրենքին համապատասխանելու գործելաոճը, մինչդեռ ընտրական հանձնաժողովները հաճախ չեն կիրառել օրենքը»,- նշեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ համակարգող, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խավիեր դե Դոննեան` հավելելով, որ դրա արդյունքում այն միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանը ազատորեն ստանձնել է, ոչ միշտ են հարգվել:
«60 տոկոսից ավելի բարձր մասնակցությունը, տարբեր տարիքային խմբերի պատկանող քվերակողների ներգրավումը, ինչպես նաև երիատասրդների և տարեցների` ընտրական գործընթացների հատուկ ընկալումը տպավորիչ է, այնուամենայնիվ, քվեարկության ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի կառավարման, քվեարկողների շարժի և քվեների տեղավորման ուղղությամբ որոշ քաղաքական կուսակցությունների լայնածավալ միւամտությունների վերաբերյալ հաղորդումները լուրջ մտահոգություննի տեղիք են տալիս»,- հայտնեց Եվրախորհրդարանի խորհրհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Վինթերբորնի Բարոնուհի Նիքոլսոնը` շեշտելով, որ Հայաստանի իշխանությունները այս անընդունելի վարքագիծը պետք է փոխեն նախքան հաջորդ տարի անցկացվող նախագահական ընտրությունները:
Ըստ դիտորդների, քվեարկության օրը հիմնականում անց է կացվել հանգիստ և խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական խնդիրներով և գործընթացին հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անտեղի միջամտությամբ:
Ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































